Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Յոթը խորհուրդ գալիքի սերմնացաններին

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ  Յոթը խորհուրդ գալիքի սերմնացաններին

Ո˜վ գալիքի սերմնացաններ, ո˜ր լիաբուռ

Նետելու եք ձեր սերմը մեր ձեռքերով հերկած

Այս դաշտերում, բերրի այս հերկերում`

Մեր քրտինքով, երգով ու արյունով ներկած,-

 

Ո˜վ, որ գալու եք զվարթ ու թեթևաքայլ,-

Արևի և ոգու ծնծղաններով ձեր լուրթ,-

Ահավասիկ գրում եմ, որպես հեռու եղբայր,

Մեր ընթացքի համար յոթը խորհուրդ:-

 

Եվ առաջին խորհուրդս, որ հղում եմ կարմիր

Մեր օրերից այս բորբ ու գալիքնաբեր,-

Անդրանիկ բուռը ձեր անեզրական սերմի

Մեր դաշտերի վրա իբրև ցնո˜րք թափեք:

 

Փռե˜ք իբրև բարիք, որ անհատնում է,

Մեր երկրի թռչուններին ու հովերին,-

Թող անսահման լինի նրանց խնդությունը,

Անսահման` ինչպես տառապանքը մեր հին:

 

Դեպի Հյուսի´ս հղեք ձեր շնորհը երկրորդ,

Դեպի տափաստաններն ընդարձակ,

Ուր բռնըկած Կարմիր Ուրագանը մի օր

Այս հերձեցյալ երկրում և ամենուր

Գարնան անձրև˜  դարձավ:

 

Իսկ երրորդ բուռը ձեր անհատնելի սերմի

Դեպի լյառը Մասիս սերմանեցե˜ք,-

Թող թանձրացյալ թռչի, իբրև ցնորք ջերմին,

Դեպի կուրծքը նրա ձյունածեծ:-

 

Ապա մի բուռ ցորյան կամ ցնորք,

Ձեզ նման լուսափայլ ու ազնիվ

Սերմանեցե˜ք դեպի այս հին ավանը Նորք,

Որ այնտեղ նո˜ր մի բողբոջ հասնի:

 

Հինգերորդ բուռը ձեր անհատնելի գանձի

Սերմանեցեք ոգու˜ն մեր ի նվեր,

Որ օրերում հեռու երկնեց այս երգն անծիր,

Այս երազանքը վեհ:

 

Իսկ վեցերորդ ձեր բուռը, ո˜վ սերմնացաններ,

Հղեցե´ք անցյալի˜ ոսկորներին,-

Եվ կլսեք հանկարծ հառաչանքի ձայներ

Մեր երկրի բոլո˜ր խորքերից:-

 

Եվ նո˜ր ապա, այս վեց հղումներից հետո,

Լցրե´ք դուք բուռը ձեր և, յոթերորդ անգամ-

Ձեր ապագա հունձքի անե´զըր կարոտով

Սերմանեցե´ք ձեր հերկը անեզրական...

 

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-

Ու խնդացին լուսավո´ր մեր աչքերին,

Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-

Ու հեռացան:Ու ո´չ մի լույս չբերին: 

 

***

 

Հիշում եմ դեմքը քո ծեր, 

մայր իմ անուշ ու անգին, 

Լույս խորշոմներ ու գծեր, 

մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու 

կանաչած թթենին 

Դեմքիդ ստվեր է գցել, 

մայր իմ անուշ ու անգին: 

 

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 

Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 

Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 

Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց - 

Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 

Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 

Քո ձեռքերի վրա ծեր, մա˜յր իմ անուշ ու անգին...

 

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ